Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եվրոպան խաղում է ֆուտբոլ

Եվրոպան խաղում է ֆուտբոլ
24.09.2017 | 01:34

Արձակուրդից հետո մինչ զբաղված էինք բաց թողած առաջնային կարևորության նյութերին ընթերցողին հաղորդակից դարձնելով, եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները հասցրին զգալի ճանապարհ անցնել ու, դրանով հանդերձ, բավականին ուշագրավ պատկեր գծագրել: Իհարկե, եղածի առարկայական մատնանշումներն անելն ու դրանց հիման վրա ամփոփիչ եզրահանգումների գնալը դեռ վաղ է, սակայն ընդհանրական պատկերի ներկայացումն իսկ արդեն ուշագրավ է:

ԻՍՊԱՆԻԱ
Հինգ տուրից հետո «Բարսելոնը» խլել է առաջնության միանձնյա առաջատարությունն ու բացարձակ արդյունքով, գնդակների գերազանց՝ 17:2 հարաբերակցությամբ կատաղի սլացքով առաջ է շարժվում: Կատալոնցիների վերջին զոհը «Էյբարն» էր՝ 6:1, իսկ Մեսին առավել քան անկասելի էր դարպասի իր չորս գրավումով, որը թղթախաղից փոխառած տերմինով ֆուտբոլում էլ է կոչվում պոկեր:
Հակառակ վերջին ժամանակների իր հավերժական մրցակցի, մինչ առաջնության սկսվելը գերազանց մարզավիճակում գտնված Մադրիդի «Ռեալը» գոհանալու գրեթե բան չունի: «Արքայականի» ունեցածը համեստ ինը միավորն է, աղյուսակի յոթերորդ ավելի քան համեստ հորիզոնականը, իսկ գոտկատեղից ներքև մադրիդցիների ստացած վերջին զգալի հարվածը «Բետիսից» էր: Թող որ պարտությունը նվազագույն հաշվով էր, սակայն դա ի՞նչ նշանակություն ունի: Ի միջի այլոց, այդ պարտությունով ընդհատվեց մադրիդցիների 73 հանդիպումներից բաղկացած անպարտ մրցելույթների շարքը, որի հիմքը դրվել էր 2016-ի ապրիլի 26-ին «Մանչեստր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայում ունեցած կիսաեզրափակիչ խաղով (0:0):
Լա լիգայի երկրորդ ու երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար 13 ու 11 միավոր ունեցող «Սևիլիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Սեփական հարկի տակ առաջինը նվազագույն հաշվով պարտության է մատնել «Լաս Պալմասին», երկրորդն արտագնայում 2:1 հաշվով կոտրել է բասկերի թիմի՝ «Աթլետիկի» դիմադրությունը:

ԳԵՐՄԱՆԻԱ
13 միավորով բունդեսլիգայում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Դորտմունդի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Համբուրգին»: Նույնպիսի հաշվով հաղթանակի տեր է դարձել և «Բավարիան» ու նույնպես արտագնայում: Նրան փորձել է դիմակայել «Շալկեն» ու բնականաբար չի հաջողել: Մյունխենցիները մեկ միավոր են պակաս վաստակել դորտմունդցիներից:
Աղյուսակի երրորդ հորիզոնականը 11-ական միավորով բաժանում են «Հոֆենհայմն» ու «Հանովերը»: Ընդ որում, երկուսի համար էլ տուրը լարված է եղել: Այսպես, եթե «Հանովերը» հաղթելիս է եղել ու խաղավերջում է կորցրել երեք միավոր վաստակելու շանսը, «Հոֆենհայմին» հյուրընկալած «Մայնցը» հենց սկզբից էլ փորձել է կատու ձևել՝ առաջին խաղակեսի արդեն 16-րդ րոպեին խփած երկու գնդակով: Հուրախություն սեփական երկրպագուների, «Հոֆենհայմը» կարողացել է ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև գերկամային հաղթանակ տոնել՝ 3։2:


ԻՏԱԼԻԱ
«Ծեր սինյորան» իր հերթական երեք միավորը վաստակեց «Ֆիորենտինայի» հետ պայքարում՝ բավարարվելով նվազագույն հաշվով հաղթանակով:
Հինգ տուրից հետո «Յուվենտուսի» միավորների անկորուստ ընթացքը կարող էր կրկնել և «Նապոլին», ինչը սակայն անհամեմատ դժվար էր ներկայանում ունեցած մրցակցի պատճառով: Իր դժվարին մրցակից լինելը «Լացիոն» հաստատեց սկզբից ևեթ ու առաջին խաղակեսից հետո հանդերձարան գնաց հաղթական 1:0 հաշվով: Սակայն այն, ինչ արեցին հյուրերը երկրորդ խաղակեսում, վեր էր սպասվածից: Հինգ րոպեի կտրվածքով նեապոլցիները երեք անգամ մրցակցին ստիպեցին գնդակը հանել սեփական դարպասից, իսկ վերջնական կացնահարումը տեղի ունեցավ հանդիպման իննսուներորդ րոպեին՝ 1:4:
13-ից անհամեմատ շատ ավելի միավոր կարող էր ունենալ և «Ինտերը», սակայն «Բոլոնիան» հյուրերին թույլ տվեց ընդամենը մեկ միավոր վաստակած հեռանալ իրենց գեղատեսիլ քաղաքից:

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնում այս օրերին գավաթային հանդիպումներ էին: Լիգայի գավաթում «Լեստերը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Լիվերպուլին», նվազագույն հաշվով հաղթանակ է արձանագրվել «Տոտենհեմ»-«Բառնսլի», «Արսենալ»-«Դոնկաստեր» դիմակայությունների ժամանակ՝ երկուսում էլ հօգուտ տանտերերի:
Ինչ վերաբերում է անգլիական մյուս գրանդ ակումբներին, «Չելսին» 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ, արտագնայում «Մանչեստր Սիթին» 2։1 հաշվով հաղթահարել է վեստբրոմվիչյան արգելապատնեշը, իսկ «Մանչեստր Յունայթեդը» համոզիչ է եղել «Բերտոն Ալբիոնի» հետ մրցակցությունում՝ 4:1:
Ինչ վերաբերում է երկրի առաջնությանը, հինգ տուրից հետո 13 միավորով աղյուսակի առաջին երկու հորիզոնականում են մանչեստրյան ակումբները, երրորդ տեղում տասը միավոր ունեցող երկրի գործող չեմպիոնն է՝ «Չելսին»:

ՖՐԱՆՍԻԱ
Վեց տուրից հետո դիվիզիոնում միավորների կորուստ չունի միայն մեկ թիմ՝ «Պարի Սեն Ժերմենը», որը վերջին տուրում հանդիպեց «Լիոնի» հետ ու հաղթանակ տարավ 2:0 հաշվով՝ երկու գոլերը խփելն էլ ամբողջովին վստահելով հենց իրենց՝ լիոնցիներին:
15 միավորով երկրորդ հորիզոնականում է երկրի գործող չեմպիոնը՝ «Մոնակոն»: Նրանից երկու միավոր պակաս ունի երրորդ տեղում գտնվող «Սենտ Էտիենը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ